«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ավետիք Իսահակյանի այտերից գլորվող արցունքները

Ավետիք Իսահակյանի այտերից գլորվող արցունքները
15.05.2009 | 00:00

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼ
1955 թվականին «Ավանգարդ» թերթի գարնանային համարներից մեկում առաջին անգամ երևաց մի ստորագրություն՝ Վ. ՍԱՆԹՐՅԱՆ: Նաև այդ շրջանում էր, որ ընդմիշտ «Պիոներ կանչ», այժմ՝ «Կանչ» թերթի խմբագրության հետ կապվեց նա, սկսած այն ժամանակներից, երբ թերթի պաշտոնատարներ էին մեր ժուռնալիստիկայի մեծերը՝ Ղարիբ Հայրապետյանը, Վիկտոր Բալայանը, Մարգո Ղուկասյանը:
ՈՒ այդ օրերից առ այսօր, ավելի քան կես դար, Հայաստանի և սփյուռքի մամուլի էջերում «Վ. Սանթրյան» ստորագրությունը երբեք չբացակայեց:
Վ. Սանթրյանը, ափսոսանքով ենք նշում, երբեք օրագիր չի պահել: Միայն վերջին շրջանում փորձ է արել թղթին հանձնել հիշողությունների մի քանի պատառիկներ: Այսօր էլ «Արմենպրես» լրատվական գործակալության մշակութային հարցերով լրագրող, հանրապետության վաստակավոր ժուռնալիստ, Հայաստանի ժուռնալիստների, գրողների և նկարիչների միությունների անդամ Վ. Սանթրյանը շարունակում է աշխատել և ստեղծագործել: «Իրավունքը de facto»-ն իր ընթերցողի դատին է հանձնում «ՈՒղևորություն դեպի անցյալ» հուշագրությունը։
1955 թվականի աշունն է:
Ես` Երևանի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանող, առաջին քայլերն էի անում այս ժուռնալիստիկա կոչվող... հրեշի ու հրաշքի մատույցներում և ահա… հանդիպում Ավետիք Իսահակյանի հետ, արվեստի աշխատողների տանը: «Նոր հայերի» կողմից ներկայումս փոշիացված այս տունը, որը գտնվում էր այսօրվա Մաշտոցի պողոտայում, կիսափոշիացող «Նաիրի» կինոթատրոնի մոտերքում էր:
Նշվում էր Իսահակյանի ծննդյան 80-ամյակը:
Մինչ այդ Վարպետին մի քանի անգամ տեսել էի փողոցում, մի անգամ` գրողների տանը, մի անգամ էլ, չեմ հիշում, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացած մի երեկոյի նախագահությունում, որը, սակայն, ոչ թե ինքն էր նախագահում (նա Հայաստանի գրողների միության նախագահն էր), այլ Դերենիկ Դեմիրճյանը:
Եվ ահա մի դահլիճ, մի քանի հարյուր հանդիսական, գրող- գրականագետների մի բուռ` նախագահությունում, մի քանի արշին էլ` դահլիճի առաջամասում, խառնված մեզ պես ուսանողների, անգրողների, ընթերցասերների հետ:
Չեմ հիշում, թե ովքեր կային, բայց հիշում եմ Վարպետի շնորհակալության սեղմ բառերի հետևյալ ավարտը. «Շնորհակալ եմ, որ նշում եք իմ հոբելյանը, պատվում ինձ: Սակայն մի խնդրանք ունեմ ձեզ, իմ ժողովրդին: Իմ հոբելյանը մի՛ նշեք: Ես կա՛մ, ապրո՛ւմ եմ: Նշենք մեր ժողովրդի այն մեկուկես միլիոն զավակների հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականին»:
Դահլիճում մի պահ քար լռություն տիրեց: Ճիշտ է, արդեն 1955 թվականն էր, բայց անցյալի սարսափը դեռ դուրս չէր եկել մարդկանց մարմիններից ու մկաններից:
Իսահակյանը լուռ լալիս էր, նրա այտերից արցունքներ էին գլորվում: Դա Մեծ եղեռնի 40- ամյակի տարում էր: Իսկ մենք դեռ 10 տարի հետո պիտի իրավունք ստանայինք հիշելու 1915 թվականի մեր զոհերին, նրանց հիշատակը հարգեինք մեր օպերային թատրոնի շենքում, հիսուն տարվա մեջ առաջին անգամ պաշտոնապես նշեինք Մեծ եղեռնի 50-ամյակը: Ու ջրի հզոր խողովակաշիթերն ուղղեինք... ժողովրդի վրա, որովհետև ամբողջ ժողովուրդն էր ուզում ներս մտնել օպերային թատրոնի դահլիճ: Բայց տեղը քիչ էր, ուստի ջրի հզոր շիթերով արգելվեց ժողովրդի մուտքը:
Ասում են՝ պահի տակ Հայաստանի առաջնորդներից մեկն էլ առաջարկել էր զենք կիրառել ժողովրդի դեմ ու...սաստվել տեղնուտեղը:
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

Դիտվել է՝ 4934

Մեկնաբանություններ